Պատերազմ սկսելով Խորհրդային Միության դեմ' գերմանական ռեյխի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր առջեւ դրված հիմնական խնդիրներից մեկն էր համարում բազմազգ պետության ոչնչացումը եւ ԽՍՀՄ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իր կողմը գրավումը:

 

 

Քիչ հայտնի է այն փաստը, որ հենց թուրքերը դարձան Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծման հիմնական պատճառը:
1939թ. ապրիլին Գերինգի խորհրդով Հիտլերը Ֆրանց ֆոն Պապենին ուղարկում է Անկարա' բանակցություններ վարելու: Թուրքիայի նախագահ Իսմեթ Ինենյուն եւ ներքին գործերի նախարար Շուքրու Սարաջօղլուն 3-րդ ռեյխի հետ դաշինքի պայմաններից մեկը դնում են հայերի հարցը: Գիտենալով, որ նացիստներն արդեն հրեաներին ոչնչացնելու քաղաքականություն են վարում' նրանք պահանջում են, որ նույնը կատարվի նաեւ հայերի հետ, քանի որ, ըստ նրանց պատճառաբանության, հայերն էլ հրեական ծագում ունեն:

 


Գերմանական պատվիրակության' Բեռլին վերադառնալուց անմիջապես հետո նացիստների պաշտոնական թերթում մի հոդված է հայտնվում, որտեղ ապացուցվում էր հայերի հրեական ծագումը, եւ եզրակացություն էր արվում, որ նրանց հետ էլ պետք է վերաբերվել հրեաների նման: Սա շատ կրիտիկական պահ էր Գերմանիայում եւ օկուպացված երկրներում ապրող հայերի համար, իսկ առավել եւս նրանց, ովքեր արդեն գտնվում էին ռազմագերիների ճամբարներում:

Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Արտաշես Աբեղյանը այդ նույն թերթում պատասխան հոդված է հրապարակում, որտեղ ապացուցում է հայ ժողովրդի արիական-հնդեվրոպական ծագումը: Այս հոդվածը Հիտլերն անձամբ կարդում է եւ հանձնարարում գլխավոր գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգին ուսումնասիրել այս հարցը: Հենց այդ ժամանակ էլ պարզվում է, որ հակահայկական հոդվածը գրվել է Թուրքիայի պատվերով, եւ հենց այդ ժամանակ էլ Հիտլերի սեղանին է դրվում Ռոզենբերգի պատրաստած զեկուցագիրը, որում, վկայակոչելով գիտական աղբյուրները, ընդունվում է հայերի արիական ծագումը: Ի դեպ, հենց այս
զեկուցագրի հիման վրա է Հիտլերն արել իր հանրահայտ հայտարարությունը հայերի ցեղասպանության մասին:
1941թ. վերջին Հիտլերի հրամանով Վերմախտի կազմում մեկը մյուսի հետեւից ձեւավորվում են ռուսական, ուկրաինական եւ բելառուսական լեգեոններ: Մահմեդականների համար, այսինքն' թաթարների, ուզբեկների, ղազախների եւ այլն, նույնպես խնդիր չկար, որովհետեւ նրանց հովանավորում էր թուրքական դեսպանությունը: Բայց հենց որ գործը հասնում է հայերին, նորից խառնվում է Թուրքիան: Բեռլինում Թուրքիայի դեսպանը փորձում է հավատացնել գերմանացիներին, որ հայերը, նույնիսկ եթե գերմանական համազգեստ հագնեն, ցանկանում են ստեղծել հայկական բանակի նոր հիմք, որն իր ուժերը կուղղի Թուրքիայի դեմ:

 


Սակայն Ռոզենբերգն այլ կարծիք ուներ, եւ 1941թ. դեկտեմբերի 30-ին ստորագրվում է Վերմախտի 812-րդ հայկական գումարտակի ստեղծման մասին հրամանը: Պատերազմի սկզբում Հայկական լեգեոն են անդամագրվում 1915թ. կոտորածից հետո Գերմանիա եւ Ֆրանսիա գաղթած հայերը, որոնց Գերմանիայում անվանում էին "արիական փախստականներ":
1941-1945թթ. գերմանական բանակի շարքերում կովկասյան եւ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչների թվաքանակի մասին պատկերացում են տալիս հետեւյալ թվերը. ղազախներ, թուրքմեններ, ուզբեկներ եւ Միջին Ասիայի այլ ժողովուրդներ' 70 հզր,

ադրբեջանցիներ' 40 հզր, հյուսիսային կովկասցիներ' մինչեւ 30 հզր, վրացիներ' 25 հզր, հայեր' ավելի քան 25 հզր:
1942թ. սկզբին գեներալ Դրաստամատ Կանայանը (Դրոն), գալիս է Բեռլին, եւ տեղի ազդեցիկ հայերը, մասնավորապես' Վերմախտի հայազգի գեներալ Հայնց Գուդերիանը, հանդիպում են կազմակերպում ԷսԷս-ի ռեյխսֆյուրեր Հիմլերի հետ: Հայկական պատվիրակության հարցն էր. "Ի՞նչ է լինելու Գերմանիայի հաղթանակից հետո": "Ինչ է լինելու Գերմանիայի հաղթանակից հետո՞,-հարցը կրկնում է Հիմլերը:-Թուրքերը նորից զենքով կշարժվեն հայերի վրա՞: Ոչ: Եվ դրա երաշխիքը կլինի հայկական լեգեոնի ստեղծումը: Այդ կազմավորումը, իմ կարծիքով, կարող է պաշտպանել իր հայրենիքը բոլոր թշնամիներից, իհարկե, մեր օգնությամբ:
Դրոն այցելում է ապագա հայ լեգեոներներին պատրաստող ռազմական ճամբարը, ինչպես նաեւ ռազմագերիների ճամբար, որտեղ համոզում էր գերի ընկած հայերին մտնել հայկական լեգեոն: Շատերի համար հայկական լեգեոն ընդունվելը նշանակում էր ստանալ նոր հայրենիք' ազատ Հայաստան:

 


1942թ. ամռանը Բուլղարիայից Բեռլին է ժամանում Գարեգին Տեր-Հարությունյանը' Նժդեհը, այնուհետեւ ՀՀ նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: Շուլենբերգի հետ հանդիպումների ժամանակ նա մի քանի անգամ բարձրացնում է Հայաստանի կարգավիճակի հարցը, համոզում է նրան պայմանավորվել ֆյուրերի հետ հանդիպման համար: Այդ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայնց Գուդերիանը: Սակայն Հիտլերն անդրդվելի էր. "Մինչեւ վերջնական հաղթանակը' ոչ մի խոսակցություն կարգավիճակի մասին":
Մինչեւ 1944թ. վերջը Գեբելսի գերատեսչությունը հրատարակում էր "Armenien" շաբաթաթերթը, որի խմբագիրն էր Լեւոն Շանթի որդին' Վիգեն Շանթը: Նույն գերատեսչությունում, որպես հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն ռադիոհաղորդումների հաղորդավարներ' աշխատում էին շատ հայեր:

1942թ. վերջին արդեն Վերմախտի հայկական լեգեոնը վերջնականապես ձեւավորված էր 160 ԻԴ զորամաս անվան տակ: Այս զորամասն ուներ իր տարբերանշանները: Գերմանական համազգեստի վրա պահպանված էին 1920թ. հայկական բանակի տարբերանշանները: Թեւքի նշանին պատկերված էր հայկական եռագույնը եւ գրված էր "Armenien" բառը:
Լեգեոնի հրամանատարն էր գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Միսաք Թոռլաքյանը ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական եւ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները: Նա է անձամբ անցկացրել

 


թուրքական հրամանատարության գաղտնի փաստաթղթերի հափշտակման օպերացիան, որոնք վերաբերում էին պանթուրքիզմի տարածման եւ Կովկասը վերցնելու Թուրքիայի պլաններին: Ռոզենբերգին ներկայացված ապացույցները պատճառ դարձան, որ ռեյխի ղեկավարության մոտ անվստահություն եւ հիասթափություն առաջանա Թուրքիայի նկատմամբ: Ռոզենբերգի հետ գեներալ Նժդեհի հանդիպումից եւ նրան գաղտնի նյութերի ներկայացումից հետո ռեյխի ղեկավարությունը հրաժարվում է օգտագործել թուրքական բանակը Կովկասում:
Ռեյխում լեգեոնի պաշտոնական ներկայացուցիչն էր Հարմիկ Ջալալյանը' ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի որդին: Լեգեոնն ուներ 2 տպագրական մարմին' "Հայ ազգ" եւ "Ազատ Հայաստան"' հայերեն եւ գերմաներեն լեզուներով:
Հայկական եւ այլ լեգեոնների զորամասերի լայնամասշտաբ օգտագործումը ռազմաճակատում սկսվում է 1942թ.-ին, երբ Լեհաստանում եւ Ուկրաինայում ձեւավորված առաջին դաշտային գումարտակներն ուղարկվեցին Կովկաս: Սակայն շուտով սկսվում է շատ հայ լեգեոնականների անցումը Կարմիր բանակի կողմը: Այսպիսի դեպքերը լցնում են գերմանացիների համբերության բաժակը, եւ նրանք որոշում են ազգային զորամասերը Արեւելյան ռազմաճակատից տեղափոխել բռնազավթված տարածքներ: Ֆրանսիայի սահմանին հայկական լեգեոնը գրեթե ողջ կազմով գերի է հանձնվում ամերիկացիներին: Բարձրաստիճան սպաներին հանձնում են խորհրդային ազգային անվտանգության կոմիտեին, եւ առաջին հերթին 1945թ. մայիսին գնդակահարվում է գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Գերեվարվածներին առաջարկում են վերադառնալ Խորհրդային Միություն: Լավատեսները, որոնք շուրջ 5000 էին, հավատով վերադառնում են եւ առանց դատի ու հետաքննության իսկույն ուղարկվում հատուկ ճամբարներ 10 տարով եւ ավելի, որոնց մեծ մասը զոհվում է: Իսկ հոռետեսները, որոնք մոտ 20000 էին, երկար ժամանակ "տեղահանված անձանց" կարգավիճակով Ավստրիայի եւ Ֆրանսիայի սահմանների մոտ էին գտնվում, այնուհետեւ նրանց ուղարկում են ԱՄՆ:

 


Հայկական լեգեոնի կազմակերպիչները մեկ նպատակ էին հետապնդում' փրկել ազգը թուրքերի հնարավոր ոտնձգություններից: